Սփյուռքը սկսել է վստահել Նոր Հայաստանին. ինչ ներդրումներ սպասենք առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքը դիտարկվել է որպես փողի աղբյուր: Անգամ ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանն էր սփյուռքահայերին ՀՀ բանկերում հազար դոլար դնելու կոչ արել: Սակայն, դատելով վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացներից, ակնհայտ էր` Սփյուռքը կորցրել է հավատը ՀՀ իշխանությունների նկատմամբ:

Այս մտահոգությունները բարձրացվեցին նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Մասնավորապես, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ խոչընդոտներ են առկա, որոնք պետք է վերացնեն: «Մենք ունենք բարիերներ Հայաստանի եւ Սփյուռքի մեջ, դրանք շատ են՝ հոգեբանական, իրական, իրավական, այդ բարիերները պետք է վերացնենք: Քանի դեռ չենք վերացրել, նորից մնալու ենք սփյուռքահայ, որի խնդիրը այն է, որ օգնի, տա եւ իրավունքներ չունենա, եւ հայաստանցի, որը պետք է ստանա եւ պահանջի՝ տվեք, տվեք, տվեք», – նշեց նախագահը:

Եվ, իսկապես, տարիներ շարունակ սփյուռքահայ գործարարները հենց այս խնդիրն են բարձրաձայնել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը` 2004 թվականից սկսած, հեռուստամարաթոններ է կազմակերպում եւ հավաքված գումարն ուղղում այս կամ այն ծրագրի իրականացմանը: Եվ, համեմատելով հեռուստամարաթոնի` տարբեր տարիների արդյունքները, ականատես ենք լինում գումարի նվազման: Մասնավորապես, 2017 թվականին հեռուստամարաթոնը կրում էր «Բերքառատ Արցախ» խորագիրը, եւ հավաքվել էր 12 մլն 500 հազար դոլար գումար:

Ընդ որում` հավաքված 12,5 մլն դոլարի կառուցվածքը նայելիս ստացվում է հետեւյալ պատկերը. եթե հանում ենք հայաստանյան խոշոր գործարարների նվիրատվությունները, ստացվում է սփյուռքից մոտ 6 մլն դոլար է տրվել։ Հեռուստամարաթոն 2016-ը, որն անցկացվել էր «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրել էր 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Ընդ որում` խոշոր նվիրատվություններ կատարած անձանց շարքում գրեթե նույն անուններն էին:

Նշենք, որ այս վերջին տարիների մարաթոնների ժամանակ ամենաշատ գումարը հավաքվել էր 2013 թվականին՝ 22 մլն 661 հազար դոլար, որն ուղղվել էր Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը` գլխավորապես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարվա ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Այս տարեթվից հետո նվիրատվությունների չափը սրընթաց անկում ապրեց՝ հասնելով 12 մլն դրամի:
Եվ գումարի սրընթաց անկմանը զուգահեռ անկում ապրեց նաեւ Սփյուռքի վստահությունը: Սակայն վերջին օրերին կրկին զգացվում է Սփյուռքի աջակցությունն ու հույսը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք կարող են դրական փոփոխություններ լինել: Այդ էներգետիկան զգացվեց հենց համաժողովրդական շարժման օրերին, երբ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները փորձում էին գոնե չնչին բանով օգտակար լինել շարժմանը, իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նաեւ հստակ քայլերն ենք տեսնում:

Մասնավորապես, մայիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել էին Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը, եւ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել եւ շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան:

Այս օրերին ոգեւորված են նաեւ սփյուռքահայերը, ովքեր տարբեր առիթներով նախկինում քննադատում էին իշխանություններին, սակայն հիմա մեծ հույսեր են կապում նրանց հետ: Նրանցից է նաեւ սփյուռքահայ գործարար Զարեհ Պալյանը, ով Հայաստանի իշխանությունների հանդեպ քննադատական խոսքեր հնչեցրեց հատկապես Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրավիճակ է փոխվել, եւ Սփյուռքը սկսել է վստահել Հայաստանին եւ Նիկոլ Փաշինյանին:
«Զգալիորեն շատ ավելի կվստահի նոր Հայաստանին, Նիկոլ Փաշինյանին. նոր Հայաստանը զգալիորեն ավելի վստահելի է», – նշեց նա: Անդրադառնալով նախկինում իր կողմից մշտապես հնչող քննադատություններին` Պալյանը նշեց, թե դա եղել է եւ՛ անձերի, եւ՛ համակարգի դեմ: «Ե՛վ անձերին եմ քննադատել, եւ՛ համակարգին, եւ՛ կազմակերպություններին, որովհետեւ մի այնպիսի անընդունելի, մարդկայնորեն անտանելի իրավիճակ էր, որ բոլորին էր հասնում քննադատություն», – հավելեց գործարարը:
Փաստորեն, ստացվում է՝ ճիշտ էին այն պնդումները, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ իշխանությունը խանգարում էր Հայաստանի զարգացմանը: Ու հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, սփյուռքահայերի մոտ ոչ միայն ոգեւորություն կա, այլեւ վստահություն: Վստահություն առ այն, որ ուղարկված գումարները չեն գրպանվի, ատկատի ճանապարհով չեն հոսի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների գրպանները, այլ, ընդակառակը, կծառայեցվեն երկրի խնդիրներին ու կծախսվեն ըստ արժանվույն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս