2015-16 թվականներին բժշկական համալսարանում հանցա՞նք է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է․ «Ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։

Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։
Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առընչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. և 3.3 մլն. դրամ։

Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն»:

Ինչ չարաշահումների մասին է խոսքը: ArmLur.am-ը այս առիթով պարզաբանում խնդրեց ԵՊԲՀ-ից: Մեզ տեղեկացրին, որ ՊՎԾ-ի կողմից տարածված տեղեկատվությունը հիմնականում վերաբերվում է 2015-2016 թվականներին, ինչի մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն կտարածեն քիչ ավելի ուշ:

Մեր այն հարցին, թե ինչ գույք է ձեռք բերվել և արդյոք լրացուցիչ աշխատավարձը նույնպես վերաբերվում է 2015-2016 թվականներին՝ պատասխանեցին՝ հայտարարության մեջ արձանագրված փաստերը վերաբերվում են 2015-2016 թվականներից, սակայն մասամբ խեղաթյուրված են, ինչի մասին լրացուցիչ կպարզաբանեն:




Լրահոս