Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
«Խումբը տեսչության հետ կապ չունի և ձևավորվել ու գործում էր հասարակական հիմունքներով: Վաղը խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաև Լիդիան Արմենիա ընկերության առարկությունները կներկայացնեմ վարչապետի աշխատակազմին: Այս նյութերը գաղտնի չեն և համակարգված կերպով կտրամադրվեն նաև մամուլին ու այլ շահագրգիռ անձանց:
Ի տարբերություն տեսչական մարմնի, աշխատանքային խումբն իրավունք ուներ և արել է նաև ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության և դրա հիման վրա տրված բնապահպանական փորձաքննական եզրակացության վերաբերյալ դիտարկումներ:
Նշեմ նաև, որ վաղը մեկում եմ Կապան՝ Քաջարանի հանքավայրի վերաբերյալ աշխատանքային խմբի ձևավորման օրակարգով:
Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ից, Սյունիքի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում,որտեղ կներկայացվի տեղեկատվություն աշխատանքային խմբի գործունեության, դրա իրավական հիմքերի, արդյունքների կարևորության և համայնքային ներգրավվածության վերաբերյալ: Սկսենք Քաջարանի հարցով աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը: Համեցեք քննարկման»: